Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին կայացած հանդիպումը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել սահմանազատման գործընթացին: «Դա ենթադրում է անհրաժեշտ քարտեզագրական նյութերի տրամադրում: Դա երեկ հաստատեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:
Ինչ վերաբերում է փոխվարչապետների համանախագահությամբ սահմանազատման եռակողմ հանձնաժողովին, ապա դրա շրջանակում էական առաջընթաց է գրանցվել: Եվ երկու կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում կարող էր օպերատիվ կերպով ավարտվել հստակ նախագծերի համաձայնեցումը, և առարկայական գործունեություն սկսվել»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Զախարովան կարծիք է հայտնել, որ այդ պայմանավորվածությունների կատարումը ձգձգելը տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի շահերի դեմ է:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ նա նշել է, որ կողմերը հրավիրվել են Մոսկվայում հանդիպման, ինչպես նաև երրորդ երկրներում՝ բազմակողմ ձևաչափերի շրջանակում: «Բաքվում մշտապես հաստատել են բանակցություններ անցկացնելու պատրաստակամությունը: Ցավոք, նույնը չենք կարող ասել մեր հայ գործընկերների մասին: Գուցե նրանք կարծում են, որ Վաշինգտոնից, Բրյուսելից և Փարիզից նրանց նոր խորհրդատուներն ավելի լավ, ավելի հետաքրքիր և արդյունավետ բան կարող են առաջարկել: Կարծում եմ՝ պետք է նայել նախորդ փորձին և հարևանների փորձին»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Արևմուտքը երբեք չի գործել այլ երկրների ժողովուրդների շահերին համապատասխան, և հայ ժողովուրդը պետք է դա իմանա: