ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակին, որը Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ անվանել են քաղաքական ճնշում:
«Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ դա համարում են քաղաքական ճնշում, իսկ մի շարք ներկայացուցիչներ չեն համարում: Եվ երկրորդ փաստը, որ ապացուցում է, որ դա ամբողջ երկրի, առավել ևս՝ երկրի ողջ քաղաքական ինստիտուտի կարծիքը չէ, այն է, որ օրեր առաջ Հայաստանի և Ռուսաստանի պրոֆիլային գերատեսչությունների երկխոսության շրջանակում տեղի ունեցան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկումներ հենց Վերին Լարսի բազմակողմ անցակետով բեռների փոխադրման հետ կապված հայ գործընկերների մոտ առաջացած հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հայկական գյուղմթերքի արտահանման մասին»,- ասել է Զախարովան, հավելել՝ քննարկումներն անցել են առարկայական և կառուցողական մթնոլորտում:
Նա նշել է, որ նման խնդրահարույց իրավիճակների լուծման համար կան հստակ մեխանիզմներ, որոնք հենց հիմա ևս գործարկվում են: