Լարսի անցակետով այս պահին հիմնականում մեքենաներն անցնում են: Խնդիրներն առաջացել էին Լարսի անցակետում ուժեղացված վերահսկողություն իրականացնելու հետևանքով, որից հետո հայկական կողմը խնդիրների վերաբերյալ նախաձեռնել է քննարկումներ մի քանի մակարդակներում: Այդ մասին Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Անցած ուրբաթ օրվանից հետո՝ շաբաթ օրը, մեքենաների թողունակությունը կամ անցնելը վերականգնվեց»,- ասաց նախարարը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը տեղեկացրեց, որ մարզային այցելության ժամանակ քաղաքացիները բողոքել են, թե տեղական գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրներ կան, մյուս կողմից էլ՝ քաղաքացիներն ունեցել են «չճշտված տեղեկություններ», որ շատ էժան գյուղմթերք է մտնում Հայաստան:
Ըստ Քերոբյանի՝ արտառոց աճ ներմուծվող գյուղմթերքի, մասնավորապես՝ կարտոֆիլի մասով չկա, բայց նաև գիտի, որ տեղական շուկայում խոշոր ներդրումներ են արվել կարտոֆիլի արտադրության մեջ, և դրա արդյունքում ստացվել է ավելի ցածր գին. «Հետևաբար, մրցակցությունն ավելի շատ ներհայաստանյան է, քան Հայաստան ներմուծված ապրանքի հետ: Որոշ այլ ապրանքների մասով մենք տեսնում ենք խնդիրներ, մենք աշխատում ենք այդ ուղղություններով, ոչ գյուղմթերքի մասով»:
Վահան Քերոբյանը նաև կարծում է՝ շատ կարևոր է, որ Հայաստանում արտադրված ապրանքները լինեն բարձրակարգ, որպեսզի ոչ միայն հասանելիությունն այլ շուկաներին լինի ավելի մեծ և ավելի լավ գնով, դա դրական ազդեցություն ունի նաև ՀՀ բնակչության համար առողջության տեսանկյունից:
«Այդ առումով մենք վճռական ենք, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակում Հայաստանում արտադրվող ապրանքները դառնան բարձրակարգ, բարձր ստանդարտների: Եվ ես պետք է նշեմ, որ մենք դրա մասին մեծ տառերով կամ գլխավոր մասում նշել ենք նաև մեր տնտեսական քաղաքականության հայեցակարգում, որը մի քանի ամիս առաջ է ընդունվել»,- ասաց նախարարը, ապա հավելեց. «Հայաստանը պետք է արտադրի բարձրակարգ, բարձր ստանդարտների ապրանքներ, որոնք հասանելիություն կունենան աշխարհի տարբեր շուկաներին»: