Վերաքննիչ դատարանը փոփոխել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Հայաստանի սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանելու համար մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։
Գլխավոր դատախազությունից «Լուրերին» հայտնել են, որ դատարանը բավարարել է սպանված Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը և Ախունդովին դատապարտել ցմահ ազատազրկման։ Ադրբեջանցի զինծառայողը, որը համածառայակցի հետ ապրիլին հատել էր Հայաստանի պետական սահմանը, պահնորդի սպանությունից հետո հափշտակել էր տուժողի հեռախոսն ու տեսաուղերձ նկարել, հրապարակել սոցիալական ցանցի իր էջում՝ նշելով, թե եկել են Հայաստան, հայերի արյուն են թափել: Ախունդովին հայտնաբերել էին քաղաքացիները, երբ նա փորձել էր ոտքով հասնել Իրանի սահման: Նրա հետ սահմանը հատած մյուս զինծառայողը՝ Ագշին Բաբիրովը, դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման: