ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:
«Ես մեծապես կարևորում եմ այն, ինչ տեղի ունեցավ: Առհասարակ ՀՀ-ն մեծ կարևորություն է հաղորդում արաբական երկրների հետ իր հարաբերություններին, և կարծում ենք, որ այստեղ գրեթե բոլորի հետ կան չիրացված հնարավորություններ: Տասնապատիկ անգամ ավելի ափսոս էր ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ անգամ չունենալ Սաուդյան Արաբիայի հետ»,- նշեց նա:
Միրզոյանն ընդգծեց, որ 30 տարիների ընթացքում ջանքեր գործադրվել են հարաբերությունների հաստատման ուղղությամբ, սակայն դրանք այս կամ այն պատճառով հաջողությամբ չեն պսակվել:
«Կարող եմ ասել, որ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առաջին իսկ օրերից մեծ ուշադրություն եմ դարձրել հենց այս հարցին. հանդիպումներ ենք նախաձեռնել. տեղի է ունեցել երկու պաշտոնական հանդիպում իմ գործընկերոջ հետ, մենք միասին նաև բազմակողմ այլ հարթակներում շփվել ենք, հեռախոսազրույցներ ունեցել, քննարկումներ են եղել դեսպանների մակարդակով, այցելություններ, և ինչպես արդեն տեսնում եք, երկու երկրներն էլ՝ մենք և Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, անհրաժեշտ համարեցինք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը: Սա վերջը չէ, ճիշտ հակառակը. սա գործընթացի սկիզբ է: Ես կարծում եմ, և որքան հասկանում եմ՝ Սաուդյան Արաբիայում մեր գործընկերները կիսում են այս դիրքորոշումը, կան բազմաթիվ ուղղություններ, ոլորտներ, որտեղ մենք դեռ նոր պետք է բացահայտենք և մեծ համագործակցություն ծավալենք»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով հարաբերությունների հաստատման հետ կապված ադրբեջանական կողմի մեկնաբանություններին այն մասին, թե Հայաստանի համար միջնորդել են, Միրզոյանն ասաց, որ այդ տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է. «Ինձ ասել էին, որ նման մեկնաբանություններ են եղել թե՛ ադրբեջանական սոցցանցերի, թե՛ փորձագիտական հանրույթի շրջանակներում: Ուզում եմ միանգամից աներկբայորեն և հաստատապես ասել, որ մենք այս հարցով որևէ երկրի միջնորդությանը չենք դիմել, որևէ երկրի օգնությանը չենք դիմել: Փոխըմբռնումը և, ի վերջո, նաև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության ստորագրումը տեղի են ունեցել բացառապես երկկողմ շփումների արդյունքում, երկու երկրների մեծ պատրաստակամության արդյունքում»: