Մենք, բնականաբար, չենք կարող բոլոր երկրների վիճակագրությանը հետևել, բայց կարող ենք համեմատել ՀՀ նախկին շրջանի վիճակագրության հետ, և կարող ենք ասել, որ, օրինակ, այսօր քաղաքական գործիչները «պադեզդներում» չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծվում, սրա-նրա հետ բիզնեսում փայ չեն մտնում, Եռաբլուրի հողամասերը չեն սեփականաշնորհվում: Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, թե ուսումնասիրություն կա՞, թե քանի անձ կա կալանավորված Ֆեյսբուքի գրառման հիման վրա այն երկրներում, որին Հայաստանը ձգտում է հասնել:
Ինչ վերաբերում է միջազգային վիճակագրությանը, Փաշինյանը նշեց, որ հետևում են միջազգային կազմակերպությունների զեկույցներին, որոնք 5 տարի շարունակ արձանագրում են Հայաստանի առաջընթացը ժողովրդավարության ոլորտում:
«Համարո՞ւմ ենք արդյոք, որ մեր ժողովրդավարությունն անթերի է, և մենք հասել ենք մեր երազած ժողովրդավարությանը, ո՛չ, այդպես չենք համարում»,- ասաց նա և հիշեցրեց, որ այսօր էլ բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթի ժամանակ անդրադարձել է արդարադատության ոլորտի խնդիրներին՝ հույս հայտնելով, որ արդարադատության իդեալին կհասնեն: