Երեկ նախարարությունում կազմակերպվել էր հանդիպում նոր դասագրքերի հեղինակների հետ, և մենք քննարկում էինք այն արձագանքները, որոնք ստացվել են դպրոցներից, ուսուցիչներից, տարբեր մասնագիտական շրջանակներից: Այս ուղղությամբ պլանավորված աշխատանքը հետևյալն է, որ այդ արձագանքների հիման վրա անհրաժեշտ լրամշակումները կարվեն՝ թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային, որոնց կարիքը կլինի, և դրանք ամբողջությամբ երկրորդ կիսամյակից հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով: Ինչ վերաբերում է թղթային տարբերակին, այս պահին կգնանք ներդիրների ճանապարհով նկատված վրիպակներն ու խնդիրները ուղղելու, այնուհետև՝ արդեն վերահրատարակության ժամանակ, կքննարկենք արդեն ամբողջական վերահրատարակության խնդիրը: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նոր դասագրքերի հետ կապված մտահոգություններին:
«Ինչ վերաբերում է դաշտում հայտնված մասնագիտական կարծիքներին, ես բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ մենք շատ ուշադիր ենք այդ դիտարկումների նկատմամբ: Հանդիպում, այո՛, պլանավորվում է, արդեն նախատեսված են օրն ու ժամը. եկող շաբաթ հանդիպում կլինի մասնագիտական շրջանակի այն ներկայացուցիչների հետ, որոնք թե՛ հանրային, թե՛ ոչ հանրային ձևով արտահայտել են իրենց դիտարկումները»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Նա հայտնեց, որ «Մասնակցային դպրոց» հիմնադրամում արդեն քննարկել են այդ դիտարկումները և դրանց մի զգալի մասը նաև պատրաստվում են ընդունել՝ հաշվի առնելով բերված փաստարկները: «Կարծում եմ՝ սա այն բնականոն ճանապարհն է, որով պետք է գնանք»,- նշեց նախարարը: