Երեկ Ալավերդիում բախվել էին ժողովրդավարությունը և զոռբայությունը. հաղթեց օրենքը: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին, թե արդյոք Ալավերդիում տեղի ունեցած գործընթացները ժողովրդավարակա՞ն են եղել:
«Այն, ինչ Ալավերդիում երեկ տեղի է ունեցել, ամբողջովին օրինական է, հատկապես այս դահլիճում ընդունված օրենքներին համահունչ. մեր ՏԻՄ օրենքի բոլոր կետերը պահպանված են, որևէ կետ չի խախտվել: Այնտեղ դրսում թե շենքում, դռների բաց կամ փակ լինելու, խոչընդոտելու, նաև քվեատուփը շուռ տալու և այլնի հետ կապված և այլ գնահատականներ, կարծում եմ, համապատասխան մարմինները կտան, բայց առիթից օգտվելով՝ պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ ոստիկանությանը, որ կարողացավ տվյալ իրավիճակում թողնել, որ ավագանին կարողանա օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնի. իրենց հրավիրած նիստը կայացավ: Նիստը կայացել է, պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ բոլոր իրավական կարգավորումներին համահունչ: Տեղի է ունեցել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու պրոցես, Ալավերդիում ընտրվել է նոր համայնքապետ, բոլոր այն կարգերով, կանոններով, օրենքներով, որոնք գրված են և քվեարկած են այս դահլիճի այժմյան կամ նախկին գործընկերների կողմից»,- ասաց Գնել Սանոսյանը:
Նա նշեց, որ հետաքրքրված է, որպեսզի մեր 71 համայնքներից որևէ մեկն առանց կառավարման չմնա, համայնքն ունենա ղեկավար՝ կա՛մ ընտրված, կա՛մ ժամանակավոր, և այդ համայնքի աշխատանքները բնականոն գնան: «Հաշվի առնելով, որ վերջին ամիսներին Ալավերդիում ստեղծված իրավիճակն այնպիսին էր, որ համայնքը բնականոն կյանքով չէր ապրում, համայնքի ղեկավարը չուներ ավագանու համապատասխան թվով ձայներ, որպեսզի ավագանու նիստեր գումարեր, համայնքում մի շարք աշխատանքներ պլանավորածից կա՛մ հետ էին ընկել, կա՛մ ընթացք չունեին, ուստի ես՝ որպես ՏԿԵ նախարար, ուրախ եմ, որ երեկ գտնվեց այդ լուծումը, որ համայնքն իրավական առումով կարգավորվեց. համայնքն ունի համայնաքապետ, որի աշխատանքը կլինի համայնքի բնականոն կյանքն ապահովելը»,- ասաց ՏԿԵ նախարարը:
Սանոսյանն ընդգծեց, որ եթե համայնքներում խնդիր է լիննում, այն միայն տվյալ համայնքին չի առնչվում: «Պետական ցանկացած մասշտաբի ծրագիր վերջիվերջո հասնում է համայնք: Այսինքն՝ երբեմն, երբ համայնքում կառավարումը նորմալ չէ, ոչ միայն տվյալ համայնքի փոքր ծրագրերն են տուժում, այլև տվյալ տարածքում այլ պետական մեծ ծրագրերը, այնպես որ, ուրախալի է, որ Ալավերդին այդ չկառավարվող փուլից թևակոխում է կառավարման փուլ»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին
լարված իրավիճակ էր Ալավերդիում: Ավագանու 27 անդամից 14-ը համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» խմբակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանին անվստահություն են հայտնել և համայնքի ղեկավար ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Դավիթ Ղումաշյանին, որը լիազորությունները կստանձնի ուրբաթ օրը:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ու «Ապրելու երկիր»-ից ավագանու մեկ անդամ նախաձեռնել են Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Թամազյանը պնդում է, որ գործընթացը հակաօրինական է, «Քաղաքացիական պայմանագիրը» հակառակ փաստարկներն է բերում: