Ուրախությամբ պետք է փաստել, որ չնայած Վանաձորում ստեղծված բարդ իրավիճակին, հուրախություն բոլորիս և հատկապես Վանաձոր միավորված խոշորացված համայնքի, պաշտոնակատարը բավականին լավ աշխատում է, ավագանու նիստեր են տեղի ունենում, հաստատվում են քաղաքի բյուջեն, ծրագրերը: Եթե առիթ ունեք այցելել Վանաձոր, ամեն հաջորդ այցի ընթացքում կտեսնեք՝ ինչեր են փոխվել քաղաքում, այնպես որ, բավական լավ աշխատում են, մինչև որ իրավական կարգավորումները տեղի կունենան: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանի հարցին Վանաձորում նշանակված համայնքի ղեկավարի պաշտոնակատարի վերաբերյալ:
«Քաղաքական պատասխանատվության առումով. այո՛, մենք նշանակել ենք համայնքապետի պաշտոնակատար. աշխատանքից գոհ ենք, որովհետև քաղաքը բնականոն կյանքով ապրում է, քաղաքում զարգացում կա, ծրագրեր, և այդ ծրագրերն իրականացվում են: Ուրախ եմ հայտնել, որ մի շարք խոշոր ծրագրեր կան, որոնք 2024 թվականին կիրականացվեն Վանաձորում»,- նշեց Սանոսյանը: