Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրության առջև հաշվետվողականության տեսանկյունից երեք փաստաթուղթ պետք է ներկայացնի: Առաջին փաստաթղթով հանձնաժողովն իր կայքում ամեն տարի՝ մինչև հուլիսի 10-ը և հունվարի 10-ը, պետք է հրապարակի, թե նախորդ 6 ամիսների ընթացքում ինչ է արել: Երկրորդ փաստաթղթով ամեն տարի՝ մինչև մարտի 31-ը, հանձնաժողովը պետք է ԱԺ ուղարկի նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդում: Երրորդ փաստաթղթով մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 28-ը կամ 29-ը հանձնաժողովը պետք է բարեվարքության համակարգի վերաբերյալ հաղորդում ներկայացնի կայքում: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 6-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Ըստ Խանդանյանի՝ 2020 թվականի առաջին կիսամյակի վերաբերյալ հաղորդումը, սակայն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից բացակայում է, նույնն է նաև 2020 թվականի երկրորդ կիսամյակի մասով:
«2021-ի առաջին կիսամյակի վերաբերյալ հաղորդումը կա, 2021 թվականի երկրորդ կիսամյակի վերաբերյալ չկա: 2022-ի առաջին կիսամյակի համար կա, 2021 թվականի երկրորդ կիսամյակի համար չկա: 2023 թվականի առաջին կիսամյակի վերաբերյալ տեղադրված է»,- ասաց Խանդանյանը, ապա տեղեկացրեց, որ 2021, 2022, 2023 թվականների համար բարեվարքության վերաբերյալ հաղորդումները, որոնք տարեկան են, նույնպես բացակայում են:
Ինչ վերաբերում է ԱԺ ներկայացվող տարեկան հաղորդմանը, որ ամեն տարվա ավարտից հետո հանձնաժողովը պարտավոր է ներկայացնել, ապա 2020 թվականինը, ըստ Խանդանյանի, բացակայում է, 2021-ինը կա և մինչև այսօր առավոտյան՝ ժամը 10:07 րոպեն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «Հաշվետվություններ» բաժնում եղել է «2021 թվականի տարեկան հաղորդում» վերնագրով ֆայլ, փաստաթուղթ, որը չուներ տիտղոսաթերթ, վերնագիր, միայն բովանդակությունն էր, և շարադրված էր 2021 թվականի տարեկան հաղորդումը:
«Այսօր՝ 10:07 րոպեից հետո, ֆայլի անունը կայքում փոխվել է՝ «2020-2021 թվականների տարեկան հաղորդում», այսինքն՝ երկամյա հաղորդում է ներկայացվել, ինչը օրենքի խախտում է: Սա Վենետիկի բիենալեն չէ, այստեղ երկու տարին մեկ չեն մասնակցում կամ որոշում չմասնակցել: Ամեն տարի Վենետիկի հանձնաժողովը պարտավոր էր ներկայացնել այս հաղորդումը»,- ասաց Խանդանյանը:
Հանձնաժողովի նիստերը դռնբաց են լինում՝ բացառությամբ այն դեպքերի, որոնք կարող են վնաս պատճառել պետական անվտանգությանը, անձնական կյանքին կամ օրենքով պաշտպանվող իրավաչափ այլ շահերի: Մինչդեռ, ըստ Սարգիս Խանդանյանի, 2020-2022 թվականների դռնբաց նիստերի մասին որևէ տեղեկատվություն չկա հրապարակված, կա միայն 2023 թվականի մասին:
«Սա լրջագույն խնդիր է մի մարմնի համար, մի հանձնաժողովի համար, որի գործունեության գլխավոր գործառույթը հաշվետվողականությունն է, հանրային պաշտոնյաների թափանցիկ գործունեությունն է, և այս թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետք է երկուստեք լինեն: Ցավոք սրտի, մենք սա չենք տեսնում:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, կարծում եմ՝ պետք չէ անհատներին սակրալացնել, կապել կոռուպցիայի դեմ պայքարն անձերի հետ: Կոռուպցիայի դեմ պայքարը հատկապես վերջին 5 տարիներին Հայաստանում հաջողությամբ ընթանում է հատկապես քաղաքական կամքի, այն ինստիտուտների շնորհիվ, որոնք մեր քաղաքական ուժը և մեր քաղաքական ուժի ձևավորած կառավարությունը ձևավորել են»,- ասաց նա: