Անհանգստացնող են կոռուպցիոն երևույթների ակտիվացման մասին հանրության շրջանում քննարկվող լուրերը, որոնք հիմնավորվում են մի շարք կոնկրետ բացահայտումներով: Այս մասին խորհրդարանում՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին (առաջարկություններով) նախագծի քննարկան ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց պետք է նաև արձանագրեմ այլոց շարքում նաև ձգձգվող դատավարությունները, և պատժի անխուսափելիության ընկալման բացակայությունն է պարարտ հող ստեղծում կոռուպցիոն երևույթների ակտիվացման համար, այնուամենայնիվ, հակակոռուպցիոն պայքարում առանցքային դեր ունեն Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը, ովքեր պետք է շարունակեն կոռուպցիայի դեմ պայքարի, դրա կանխարգելման համար լրջագույն մեխանիզմների ներդրման աշխատանքները»,- ասաց Փաշինյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով՝ 2018 թվականից հետո Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության միանգամայն նոր ինստիտուտներ են ներդրվել:
Վարչապետի խոսքով՝ դրանց թվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ներդրվել են հայտարարագրման և բարեվարքության նոր համակարգեր:
«Մի բան ակնհայտ է՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, բոլորն օրենքի առաջ հավասար են: Եվ սա Կառավարության, խորհրդարանական մեծամասնության և անձամբ իմ քաղաքական կամքն է, բայց այս քաղաքական կամքն իրացնելու համար անհրաժեշտ է ստեղծել պատշաճ կառուցակարգեր, շարունակել այդ գործընթացը, պատասխանատվության համակարգեր, որ քննիչի, դատավորի, դատախազի սուբյեկտիվ ընկալումները ո՛չ նեգատիվ, ո՛չ պոզիտիվ ազդեցություն չունենան քրեական գործերի ընթացքի և ելքի վրա:
Իմ զգացողությունն այն է, որ մեզ դեռ չի հաջողվել նման իրավիճակ ստեղծել, որ որքան էլ տրիվիալ հնչի, այս խնդրի լուծումը նույնպես առնչություն ունի մտածողության փոփոխության հետ, այն փոփոխության, որի մասին վերջին շրջանում խոսում ենք «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի շրջանակներում»,- իր խոսքում ընդգծեց ՀՀ վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ վերջին 5 տարվա ընթացքում կառավարող մեծամասնությունը բավարար բարեփոխումներ է արել, այդ թվում՝ կադրային լուծումների գնացել, որպեսզի ակնկալելու իրավունք ունենա, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում հաստատվեն որպես անկյունաքարային ինստիտուտներ:
«Հետևաբար, գնդակը հիմա արդարություն և արդարադատություն իրականացնող ինստիտուտների դաշտում է: 2024 թվականի բյուջեն շարունակում է Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը որպես ինստիտուտ ուժեղացնելու գործընթացը»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով՝ նաև այդ պատճառով է կոչ անում կողմ քվեարկել 2024-ի պետբյուջեի նախագծին: