2023 թ․ նոյեմբերի 26-ին՝ ժամը 21։17-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44–252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով ևս Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է՝ ծնված 2000 թ․։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ-ում կացության հիմքով գտնվող Հնդկաստանի Հանրապետության 23-ամյա քաղաքացին, իր 21-ամյա համերկրացու հետ կենցաղային հարցի շուրջ ունենալով լարված փոխհարաբերություններ, 2023 թ․ նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց վիճաբանել է վերջինիս և նրա ընկերոջ հետ։ Վիճաբանության ընթացքում 23-ամյա երիտասարդը նախ ձեռքով հարվածել է 21-ամյա համերկրացու գլխին, որից հետո վերջինս ընկել է գետնին, այնուհետև գրպանից հանելով դանակը, նրա ընկերոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, հարվածել է նրա ձախ գոտկային շրջանին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հնդկաստանի Հանրապետության 23-ամյա քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: