Առաջին ընթերցմամբ ներկայացված բյուջեի համեմատությամբ եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 47,5 միլիարդ դրամ: Այս տարի կարևոր քայլ ենք կատարել բյուջեի եկամուտները և ծախսերի արտացոլումն ավելի ամբողջական դարձնելու ուղղությամբ և եկամտային հարկի հիփոթեքի գծով վերադարձը նախատեսել ենք եկամուտներում և ծախսերում: Նախկինում այս գումարները չէին արտացոլվում ո՛չ եկամուտներում, ո՛չ էլ ծախսերում՝ էականորեն խեղաթյուրելով թե՛ մեր եկամուտների իրական մակարդակը, թե՛ ծախսերը: Սրա արդյունքում եկամուտներն ավելացել են 47,3 մլրդ դրամով, այլ եկամուտները՝ 400 միլիոն դրամով: Այս մասին խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի (փոփոխված տարբերակ) քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Ծախսերն ավելացել են 189,3 մլրդ դրամով՝ պայմանավորված ԼՂ-ի միջպետական վարկի գծով հաշվարկված 144 մլրդ դրամով, ինչպես նաև եկամտային հարկի հիփոթեքի գծով գումարը ծախսերում նախատեսելու հանգամանքով»,- նշեց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է հիմնական ոլորտային ծախսերին և ծախսային ավելացումներին՝ տեղեկացրեց՝ ՀՀ պաշտպանության նախարարության գծով ծախսերը կազմում են 554 միլիարդ դրամ:
«Դրանք 7 տոկոսով կգերազանցեն 2023 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը, արդյունքում` 2024-ին պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 5,3 տոկոսը` 2023 թվականի նկատմամբ նվազելով 0,3 տոկոսային կետով»,- ասաց նախարարը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմում է 795 մլրդ դրամ, ինչը 22 տոկոսով կգերազանցի 2023 թվականի պետբյուջեով սահմանված սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը:
«Արդյունքում՝ սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 7,6 տոկոսը՝ 2023-ի համեմատ ավելանալով 0,6 տոկոսային կետով»,- ասաց ֆինանսների նախարարը: