Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 6-ի նիստին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ՀՀ ֆինանսների նախարարին առաջարկեց 2024 թվականի բյուջեի լրամշակման փուլում նկատի ունենալ ԿԳՄՍՆ-ի ենթակայության կազմակերպությունների, մասնավորապես, թանգարանների, թատրոնների և գրադարանների աշխատողների աշխատավարձը բարձրացնելու հնարավորությունը:
Վահե Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ այդ ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում 2024-ի բյուջեով նախատեսված չէ, քանի որ Կառավարությունը քաղաքականություն է որդեգրել՝ թանգարաններին կամ ծառայություն մատուցող ՊՈԱԿ-ներին խրախուսելու, որպեսզի վերջիններս բարձրացնեն սեփական եկամուտները, և սեփական եկամուտների գեներացման միջոցով կարողանան ավելի բարձր աշխատավարձեր ստանալ:
«Ի վերջո, բոլոր կառույցները գոյություն ունեն ծառայություն մատուցելու համար, և եթե իրենց ծառայություններից շատ մարդիկ չեն օգտվում, և պետությունն ուղղակի սուբսիդավորում է իրենց աշխատավարձը, կարող է արդարացի հարց առաջանալ՝ ինչո՞ւ ենք մենք պահում բոլոր ՊՈԱԿ-ները: Դրա համար փորձում ենք համակարգեր ձևավորել և խթաններ ստեղծել, որպեսզի մշակութային այս կառույցները սեփական եկամուտ գեներացնեն»,- ասաց նախարարը:
Վահե Հովհաննիսյանը որպես օրինակ ներկայացրեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ կապված պիլոտային ծրագիրը:
«Ասել ենք, որ որքան սեփական եկամուտներ գեներացնի թատրոնը, պետությունը 2 անգամ ավելի շատ գումար կտրամադրի՝ որպես աջակցության գումար: Այսինքն՝ ինքը ինչքան աշխատի, երկու անգամ ավելի շատ մենք իրեն կտրամադրենք՝ սրանով փորձելով խթաններ ստեղծել, որպեսզի մեր թանգարանները, մեր թատրոնները, գրադարանները փորձեն կոմերցիալիզացնեն այն ծառայությունը, որն իրենք պետք է տրամադրեն մեր հանրությանը, և եթե մեր հանրությունը չի ուզում այդ ծառայություններից օգտվել, և իրենք եկամուտ չեն ստանում, հարց է առաջանում կա՛մ կառավարման, կա՛մ ընդհանրապես այդ կառույցներն այդ ձևով պահելու հետ կապված»,- ասաց նա:
Լիլիթ Գալստյանը կարծիք հայտնեց, որ այդ մոտեցումը ճիշտ չէ պրոյեկտել թանգարանների վրա, մանավանդ որ այդ ոլորտի աշխատողների աշխատավարձերը տարիներ շարունակ չեն բարձրացվել:
Վահե Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց Կառավարության մոտեցման նպատակը, այն է՝ աշխատել կազմակերպությունները գրավիչ դարձնելու ուղղությամբ, որպեսզի վերջիններս սեփական եկամուտ գեներացնեն: