ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նշելով՝ իրեն անհանգստացնում են Ալավերդուց ստացվող լուրերը:
Նա հայտարարեց՝ ոստիկանությունն արգելափակում է Ալավերդու համայնքապետարանի աշխատակիցների մուտքը իրենց աշխատատեղ: Նազարյանը հարց ուղղեց՝ արդյոք Սիմոնյանը կապվե՞լ է տեղի իշխանության, ոստիկանության հետ՝ փորձելու պարզել, թե ինչ է կատարվում, ինչին ԱԺ նախագահը տվեց բացասական պատասխան:
Իր հերթին, «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ իշխող ուժը փորձում է Ալավերդիում բռնազավթել իշխանությունը:
Ընդդիմադիր պատգամավորների՝ Ալավերդիում տեղի ունեցողի մասին հարցերին անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ Ալավերդիում ավագանու մեծամասնությունը՝ 27 անդամից 14-ը, նախաձեռնել է նիստ՝ համայնքապետին անվստահություն հայտնելու համար:
«Երբ ասում ենք ՏԻՄ, ՏԻՄ-ը նախ և առաջ ավագանին է: Ավագանին հարցով նիստ է գումարել, նիստը տեղի է ունենում, քվեարկություն է իրականացվում, մարդիկ մտել են խուլիգանական պահելաձևով, սպառնալիքներով, հայհոյանքներով շուռ են տվել քվեատուփը, ոստիկանությունը կատարել է իր պարտականությունը: Ուրիշ բան, որ մարդիկ մտածում են, թե էդպես կարելի է ինչ-որ հարց լուծել՝ քվեատուփ շուռ տալով՝ անտեսել ավագանու մեծամասնության ձայնը:
Էլ չեմ ասում, որ սրանից մի երկու ամիս առաջ էլ իրենց խմբակցությունից 9 հոգի էր նախաձեռնել նույն մարդուն անվստահություն հայտնելու հարց՝ այսպիսով իրեն անվստահություն հայտնող ավագանու անդամների թիվը 27-ի մեջ դարձնելով 23: Այսինքն՝ մի համայնքապետ, որն ավագանիում փաստացի ունի 4 անդամ, այդ թվում՝ ինքը, որն իրեն անվստահություն չի հայտնում, ուզում է կառչած մնա աթոռին»,- խոսքը եզրափակեց Ալեքսանյանը:
Ավելի վաղ
հայտնել էինք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ու «Ապրելու երկիր»-ից ավագանու մեկ անդամ նախաձեռնել են Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Թամազյանը պնդում է, որ գործընթացը հակաօրինական է, «Քաղաքացիական պայմանագիր»-ը հակառակ փաստարկներն է բերում: