Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ Ալավերդիում ստեղծված իրավիճակին:
«Այն, ինչը նախաձեռնել էր ավագանու անդամների մեծամասնությունը, լրիվ օրինական գործընթաց էր, ավագանու 27 անդամից 14-ը նախաձեռնել էր գործող քաղաքապետին անվստահություն հայտնելու և նոր համայնքապետ ընտրելու որոշման նախագիծ և փորձում էր կատարել իր՝ օրենքով սահմանված լիազորությունները: Սակայն հենց սկզբում բախվեցին փաստացի ապօրինությունների, զոռբայության և խուլիգանության, որովհետև, ինչպես տեսանք, նախ համայնքապետարանի դուռն էր փակված ավագանու անդամների առաջ, հետո՝ նիստերի դահլիճի դուռը, և փրկարար ծառայության աշխատակիցները ստիպված էին բացել դուռը, որպեսզի ավագանու անդամները կարողանան մտնել իրենց նիստերի դահլիճ, իսկ երբ հետո գործընթացը, ավագանու նիստն օրենքի տառին համապատասխան ընթանում էր, տեսաք՝ ավագանու անդամ չհանդիսացող, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը մտավ ներս և շուռ տվեց քվեատուփը, որտեղ ավագանու անդամների քվեարկություններն էին: Բացարձակ խուլիգանության ու զոռբայության հետ գործ ունենք այս պայմաններում»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է համայնքապետը շարունակել պնդել, որ պետք է մնա ու շարունակի պաշտոնավարել, երբ ավագանու անդամների մեծամասնությունն ասում է, որ ցանկանում է նրա հեռացումը, բացի դրանից՝ նման գործողություններն ապօրինի են և ենթադրում են բավական լուրջ քրեական պատասխանատվություն:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին ժողովուրդն է ընտրել, Ալեքսանյանը նկատեց՝ հասարակությունը նրան չի ընտրել՝ Թամազյանը չի հավաքել 51 տոկոս ձայն:
«13 մանդատ ստացել է «Ապրելու երկիրը», 13 մանդատ՝ ՔՊ-ն և 1 մանդատ՝ բոնուսային համակարգով, ՀԱԿ-ը»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, թե ՀԱԿ-ի այդ մեկ անդամը իր ձայնը ինչ-ինչ հանգամանքների բերումով տվել է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուին:
Հարցին՝ արդյոք ՔՊ-ն չի՞ փորձում «զոռով այդ աթոռն իրենով անել», Ալեքսանյանը տվեց բացասական պատասխան:
«Ո՛չ, որովհետև «Քաղաքացիական պայմանագիրը, նախ, մենակ չէ, կա ավագանու ևս մեկ՝ անկախ անդամ, օրենքի ուժով 14 ավագանի, ինչպես ընտրվել է Արկադի Թամազյանը, ձայների նույն քանակությամբ, ներկայացրել են անվստահություն հայտնելու հնարավորություն, ինչը սահմանված է օրենքով, ինչը ժողովրդավարության տրամաբանության ամբողջության մեջ է, ներկայացրել են նման նախագիծ և քվեարկել այդ նախագծի օգտին, և Դավիթ Ղումաշյանն ընտրվել է Ալավերդի համայնքի ղեկավար»,- նշեց Վահագն Ալեքսանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ու «Ապրելու երկիր»-ից ավագանու մեկ անդամ նախաձեռնել են Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Թամազյանը պնդում է, որ գործընթացը հակաօրինական է, «Քաղաքացիական պայմանագիրը» հակառակ փաստարկներն է բերում:
Լարված իրավիճակ է Ալավերդիում: Ավագանու 27 անդամից 14-ը համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» խմբակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանին անվստահություն է հայտնել և համայնքի ղեկավար ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Դավիթ Ղումաշյանին, որը լիազորությունները կստանձնի ուրբաթ օրը: