ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները Գազայի հատվածի հետկոնֆլիկտային կառավարման բազմափուլ պլան են մշակում: Ինչպես հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյայի, այն նախատեսում է տարածաշրջանի անցում պաղեստինյան իշխանությունների վերահսկողությանը, անկլավում իրավիճակի կայունացման համար միջազգային ուժերի ժամանակավոր ներգրավումից հետո։
Ընդհանուր հայեցակարգը հանգում է «Գազայի բազմափուլ վերակառուցմանը իսրայելական զորքերի և ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև ծանր մարտերի ավարտից հետո»։ Ամերիկացի ստրատեգները կարծում են, որ «մոտ ապագայում տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար անհրաժեշտ կլինի միջազգային ուժերի ներգրավվածություն, իսկ երկարաժամկետ հեռանկարում իշխանությունը կփոխանցվի արդիականացված Պաղեստինի ինքնավարությանը»:
«Այդ լուծումը իդեալական չէ, բայց այն կենսունակ է և լավագույն տարբերակն է Գազայի կառավարման համար Իսրայելի գործողությունների ավարտից հետո՝ ասում են պաշտոնյաները: Նրանք նաև նշում են, որ դա կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Իսրայելի առճակատմանը, քանի որ վարչապետ Նեթանյահուն հասկացրել է, որ նման սցենարն անընդունելի է»,- նշում է թերթը։
Միևնույն ժամանակ, Politico-ի զրուցակիցներն ընդգծել են, որ ամերիկյան ծրագրերը զարգացման սկզբնական փուլում են, և դրանց իրականացումը «կախված է բազմաթիվ անկանխատեսելի փոփոխություններից»։ «ԱՄՆ պաշտոնյաներն ակնկալում են, որ ծանր մարտերը պաղեստինյան անկլավում կշարունակվեն ևս մի քանի շաբաթ»,- ավելացրել է պարբերականը։