Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան սուր քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամակցության, իր կարծիքով, հնացած համակարգը, որի կազմում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան։ Գերմանիայի և Բրազիլիայի միջև միջկառավարական խորհրդակցություններից հետո Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ ՄԱԿ-ն այլևս չի կատարում իր դերն աշխարհում։ Ըստ Բրազիլիայի նախագահի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքը վաղուց հնացել է, և այդ բարձրագույն մարմնի մշտական անդամներ պետք է լինեն նաև Բրազիլիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ճապոնիան, ինչպես նաև աֆրիկյան մի քանի երկիր։
Լուլա դա Սիլվան նշել է, որ Բրազիլիան և մյուս երեք պետությունները կազմում են այսպես կոչված G4 խումբը, որը պաշտպանում է ՄԱԿ-ի բարձրագույն մարմնի բարեփոխումը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համաձայնել է Լուլայի քննադատությանը և միացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների կոչին` հայտնում է Reuters-ը։