ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների հավաքականի անդամներին, որոնք Երևանում անցկացված աշխարհի առաջնությունում 4 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել:
Մեդալակիր մարզիկների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ:
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է պատանի բռնցքամարտիկներին գրանցած հաջող արդյունքների և նվաճած մեդալների առթիվ: ԿԳՄՍ նախարարը նաև ընդգծել է Երևանում անցկացված բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության բարձր մակարդակը:
«Սա ձեր ու ձեր մարզիչների քրտնաջան աշխատանքի և հետևողական ջանքերի արդյունքն է: 16 մասնակցից 10-ը մեդալներ են նվաճել, ինչն աննախադեպ է: Երկու տարվա մեջ սա բռնցքամարտ մարզաձևից Հայաստանում կազմակերպված արդեն երրորդ խոշոր մրցաշարն էր, ինչը վկայում է այն մասին, որ մեր ֆեդերացիան հուսալի գործընկեր է Միջազգային ֆեդերացիայի համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ Կառավարությունն ամեն կերպ խրախուսում է մեր երկրում խոշոր մրցաշարերի անցկացումը:
Ժաննա Անդրեասյանը, կարևորելով սպորտում աղջիկների ներգրավվածության ընդլայնումը, առանձնացրել է պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Հեղինե Պետրոսյանի հաջողությունը՝ հույս հայտնելով, որ նրա օրինակը վարակիչ կլինի բոլոր այն աղջիկների համար, որոնք ցանկանում են զբաղվել սպորտով, մասնավորապես՝ բռնցքամարտով: Նախարարը վստահություն է հայտնել՝ պատանի բռնցքամարտիկների վերջին հաջողությունները ոգևորելու են նաև մեր մյուս երեխաներին:
«Ձեր հաջող արդյունքները նպաստում են, որ Հայաստանում սպորտն ավելի մասսայական դառնա: Ձեր հաղթանակներն անպայման ոգևորելու են մեր երեխաներին՝ գնալու իրենց երազանքների հետևից ու անելու ամեն ինչ բարձր արդյունքներ գրանցելու համար: Վստահ եմ՝ առաջիկայում ևս շատ մեծ հաջողություններ եք ունենալու, քանի որ դեռ նոր եք սկսում ձեր սպորտային մեծ ճանապարհը: Կառավարությունն ամեն ինչ անելու է ձեր առաջընթացին նպաստելու և լավագույն պայմանները ստեղծելու համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարն ու հետագա հաջողություններ մաղթել պատանի մարզիկներին:
Բռնցքամարտիկներին ողջունել և գրանցած հաջողությունների առթիվ շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը. «Սա իսկապես մեծ հաջողություն էր: Վստահ եմ՝ մեր արծաթե մեդալներից գոնե 3-ը պետք է ոսկե լինեին: Սա պարզապես ցանկություն չէ, այլ լուրջ վերլուծության արդյունք: Մեր բռնցքամարտիկներն ամենևին չէին զիջում մրցակիցներին՝ ո՛չ տեխնիկապես, ո՛չ տակտիկապես, ո՛չ ֆիզիկապես: Ինչ վերաբերում է ոսկե մեդալակիրներին, ապա բոլորն էլ շատ վստահ մենամարտերում հաղթանակներ տարան»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ տարեվերջին պատանի բռնցքամարտիկները միանվագ պարգևատրում կստանան, իսկ 2024 թվականի հունվարից կօգտվեն պետության կողմից բարձր արդյունքներ գրանցող մարզիկների համար սահմանված խրախուսանքներից: Նախարար Ժաննա Անդրեասյանը ևս կարևորել է այն հանգամանքը, որ խրախուսման մեխանիզմները գործում են նաև պատանիների համար.
«Հաջողությունը հաջողություն է՝ անկախ տարիքից: Ձեր քրտնաջան աշխատանքով նաև ֆինանսական միջոցներ եք վաստակում, ինչը ևս պատասխանատվություն է: Ռինգում արդեն ցույց եք տվել, որ կարողանում եք ճիշտ որոշումներ կայացնել: Վստահ եմ՝ կյանքի մյուս բնագավառներում ևս կգիտակցեք այդ պատասխանատվությունը»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաև ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության անցկացման նպատակով ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության ցուցաբերած անգնահատելի աջակցության համար:
«Առաջնությունն իսկապես անցավ շատ բարձր մակարդակով: Կհամարձակվեմ ասել, որ համատեղ ուժերով կարողացանք այս տարիքային խմբում անցկացնել լավագույն առաջնությունը պատմության մեջ: Այս մասին էին վկայում մեր միջազգային գործընկերները, որոնք բավականին տպավորված էին այն ամենով, ինչ տեսան մեզ մոտ: Մեր հավաքականի մարզիկներն էլ ցույց տվեցին, որ Ռումինիայում այս տարի անցկացված Եվրոպայի առաջնությունում գրանցած փայլուն արդյունքները պատահական չէին: Հավատացեք՝ այս հավաքականը կարող է դառնալ ապագայի մեր աստղային թիմը: Հաղթելու չափից շատ ցանկությունը խանգարեց մեր մարզիկներին, որոնք նոր են կատարում իրենց քայլերը մեծ ռինգում: Երկու տարի անց մեր այս թիմը կարող է մասնակցել պատանեկան օլիմպիական փառատոնին ու հետագայում էլ շատ լուրջ և մրցունակ թիմ լինել»,- ընդգծել է Հովհաննես Հովսեփյանը:
Հիշեցնենք՝ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 10 մեդալ են նվաճել: Պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել և ոսկե մեդալով են պարգևատրել Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ): Արծաթե մեդալակիր են դարձել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) և Սամվել Սիրամարգյանը (70 կգ), իսկ Տիգրան Խաչատրյանը (+80 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:
Հայաստանի պատանիների ընտրանին ԱԱ-ի թիմային պայքարում զբաղեցրել է 2-րդ տեղը: Հայաստանի հավաքականի անդամ Ալբերտ Հարությունյանն էլ ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն բռնցքամարտիկ: