ՀՀ ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հունգարիայի խորհրդարանում հայ համայնքի խոսնակ, պատգամավոր Նիկողոս Հակոբյանին և Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին։
Նիկողոս Հակոբյանի և նրա գործընկերների Հայաստան այցի հիմնական նպատակը Հունգարիայի հայ համայնքի կողմից հավաքված օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին փոխանցելն էր։ Դրամական օգնությունը փոխանցվել է Արմավիրի, Արարատի, Լոռու մարզերում՝ ընդհանուր առմամբ 30-40 ընտանիքի, որոնք ունեն անչափահաս երեխաներ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-հունգարական առևտրատնտեսական հարաբերությունների հնարավոր ակտիվացմանը։
Նիկողոս Հակոբյանը կարևորել է նաև Հայաստանում Հունգարիայի առևտրի պալատի կասեցված գործունեության վերսկսումը, որը հնարավորություն կտա Հայաստանից Հունգարիա արտահանել տարբեր ապրանքատեսակներ։
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։