Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների առաջնորդները լրացուցիչ 1,6 միլիարդ դոլար կհատկացնեն Գազայի հատվածի վերականգնման համար, երբ անկլավում հակամարտությունն ավարտվի: Այս որոշումն ընդունվել է Դոհայում կայացած գագաթնաժողովից հետո։
«Գագաթնաժողովի մասնակիցները հաստատել են, որ Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը կանգնած է պաղեստինցի ժողովրդի կողքին, մշտական աջակցություն է ցուցաբերում մեղմելու Գազայի հատվածի բնակիչների տառապանքները, ինչպես նաև ձգտում է օգնության ձեռք մեկնել վերականգնելու այն, ինչն ավերվել է վերջին տարիներին Գազայի հատվածի վրա իսրայելական ռազմական մեքենայի հարձակումների հետևանքով»,- ասված է հայտարարության մեջ:
Գազայի հատվածի ֆինանսավորման ծրագիրը ստեղծվել է դեռևս 2009 թվականին։
Միաժամանակ, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ղեկավարները նախազգուշացրել են հակամարտությունը Մերձավոր Արևելքի այլ շրջաններ տարածվելու վտանգի մասին։
«Եթե Իսրայելի ագրեսիան չդադարի, դա սարսափելի հետևանքներ կունենա տարածաշրջանի ժողովուրդների և ամբողջ միջազգային հանրության համար»,- ասվում է գագաթնաժողովի մասնակիցների ամփոփիչ հայտարարության մեջ։