Գիտենք, թե ինչ է վերապրել հայ ժողովուրդը վերջին շրջանում: Հայաստան ենք եկել հայտնելու Ֆրանսիայի քաղաքացիների և Եվրոպական խորհրդարանի համերաշխությունը ձեր ժողովրդին, ինչպես նաև ասելու՝ մենք չենք մոռանում Հայաստանը. այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի և հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանի հետ դեկտեմբերի 5-ին խորհրդարանում կայացած հանդիպման ընթացքում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Ողջունելով հյուրին՝ Արման Եղոյանն արժևորել է հայ-ֆրանսիական միջխորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև բարձր գնահատել Ֆրանսիայի մշտական աջակցությունը Հայաստանին:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ շրջանակում երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Հայ խորհրդարանականները խոսել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացման գործընթացի մասին:
Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման հայկական կողմի ջանքերին՝ Արման Եղոյանը և Արսեն Թորոսյանը հյուրին ծանոթացրել են ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: