ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է լրագրող, արվեստի քննադատ, մեդիավերլուծաբան Նունե Հախվերդյանի թեկնածությունը:
Թեկնածուին Ազգային ժողովում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ հիշեցնելով, որ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կողմ է քվեարկել նրա թեկնածությանը:
Նունե Հախվերդյանն ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագրության ֆակուլտետը: 1990-1997 թթ. Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մշակութային ռադիոհաղորդումների բաժնի խմբագիր է եղել: 2004- 2011 թթ. «168 ժամ» օրաթերթի և «3 միլիոն» ամսագրի լրագրող է եղել: 2011- 2022 թթ. աշխատել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» լրագրող, մեդիավերլուծաբան:
ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուն, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե մինչև ԱԺ գալը իրեն հարց տվել է՝ կարո՞ղ է անաչառ դատավոր լինել և մի կողմ դնել քաղաքական հայացքները, երբ որոշվի, թե տվյալ հաճախականությունը ով է զբաղեցնելու, պատասխանեց. «Իհարկե, քաղաքական համակրանքներ չեմ կարող ունենալ, որովհետև բոլորին էլ համակրում ենք, այսպես ասենք, մարդ ենք»:
«20 տարի ես գրում եմ, իմ ազգանունը շատ ավելի թանկ է, քան քաղաքական որևիցե առաջարկ»,- ասաց Նունե Հախվերդյանը: