ԲԴԽ նախագահը շուրջ 1 տարի է՝ չի շփվել լրագրողների հետ: Դա եղել է գիտակցված որոշում, քանի որ Կարեն Անդրեասյանը կարծում է՝ նախ պետք է որոշակի ծավալի աշխատանք կատարել, նոր պատասխանել լրագրողների հարցերին: Այդ մասին ԲԴԽ ղեկավարն ասաց ԱԺ ճեպազրույցի ժամանակ:
Անդրադառնալով քրեական վարույթների ձգձգումների թեմային՝ Կարեն Անդրեասյանը հաստատեց՝ քրեական վարույթները տարբեր փուլերում իսկապես ձգձգվել են: Բայց հարցն այլ է, թե ինչ կառույց ինչ պատասխանատվություն ունի այդ մասով, որոնք են սխալները, ովքեր են մեղավորները: Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա դրանք եղել են բոլոր համակարգերում, բայց Կարեն Անդրեասյանը չցանկացավ որևէ մարմնի մեղադրել:
«Կարող եմ ասել, որ նաև դատական իշխանության մեղքը հաստատ եղել է: Ես կարող եմ խոսել դատական իշխանության խնդիրների մասին: Այո՛, դատական իշխանությունում եղել են ձգձգումներ, այո՛, դատավորների առանձին գործընթացներում՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, եղել են դանդաղումներ»,- ասաց նա և հորդորեց լրագրողներին՝ դիմել դատական դեպարտամենտ և կոնկրետ գործի մասով պարզաբանում պահանջել, թե ում գործը որ փուլում և ինչու է ձգձգվել:
Կարեն Անդրեասյանը նաև պարզաբանեց, թե ինչու է անվտանգության աշխատակիցներով շրջում:
«Զբաղեցնում եմ այնպիսի պաշտոն, որին ենթադրվում է կամ նախատեսվում է ունենալ պետական պահպանություն: Պետական պահպանությունից չեմ հրաժարվել, որովհետև այնպիսի աշխատանք ենք կատարում, որ կարող է առաջացնել որոշակի խնդիրներ, և հանուն մեր խորհրդանշական աթոռի՝ մենք ստիպված ենք ինչ-որ բեռ կրել: Եթե ձեզ թվում է՝ անվտանգության ուղեկցումը հաճույք է, ձեզ տեղեկացնեմ, որ դա այդպես չէ»,- ասաց Անդրեասյանը: