Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը: Հանդիպումից առաջ արտգործնախարարները հանդես են եկել կարճ հայտարարություններով, նշել՝ անդրադարձ է լինելու նաև տարածաշրջանային հարցերին: Լավրովն ասել է, որ գործընկերոջ հետ մտադիր է մտքեր փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների, Հարավային Կովկասում «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, որը, նրա խոսքով, Մոսկվան հեռանկարային է համարում: ՌԴ ԱԳ նախարարը նաև հույս է հայտնել, որ Իլհամ Ալիևը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Այսօր Մոսկվայում սպասվում է մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախարարական նոր հերթական երկխոսության շրջանակում: Միջոցառմանը, որը նախագահելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, կմասնակցեն նաև Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։ Կողմերը նախատեսում են քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր՝ շեշտը դնելով կասպյան համագործակցության զարգացման առաջնահերթությունների վրա։