Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու:
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրեց վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի թեկնածությունը, մյուս երկու թեկնածուները բացակայում էին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 5-ի նիստից:
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց՝ արդեն որերորդ անգամ է՝ դատավորի թեկնածուն չի ներկայանում Ազգային ժողով. «Ըստ էության, մենք այսօր պետք է ընտրություն անենք, բայց ընտրություն չունենք»:
Կարեն Անդրեասյանն արդարացի համարեց Սարգիս Խանդանյանի դիտարկումը՝ նշելով, որ ամեն անգամ նման իրավիճակի համար անհարմար են զգում, և ԱԺ-ի ներողամտությունը հայցեց իր և թեկնածուների անունից: ԲԴԽ նախագահը նաև հրապարակեց մյուս երկու թեկնածուների բացակայության պատճառները:
«Մեկը առողջական լուրջ խնդիր ունի, վիրահատվել է վերջերս, և ինքնազգացողությունը վատացել է, մյուսը ամենայն հարգանքով նամակ է ուղղել ԱԺ նախագահին՝ հայտնելով իր ծրագրերի փոփոխության մասին»,- ասաց նա, ապա նկատեց՝ դատավորի թեկնածու առաջադրվելու գործընթացը նման է քաղաքական ընտրությունների, երբ քո անունը քվեաթերթիկում է, և այլևս չես կարող փոխարինում կատարել: Ըստ Անդրեասյանի՝ այն փուլում, երբ հրաժարվել են կամ չեն ներկայացել ԱԺ, ԲԴԽ-ն և դատական իշխանությունն անզոր են որևէ փոփոխություն կատարել: