Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևմտյան մասում Մարապի լեռան հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ։ Փրկարարները հայտնաբերել են նաև երեք ողջ մնացածների։ Եվս 12 մարդ, որոնք եղել են աղետի գոտում, համարվում են անհետ կորած։
Սումատրայում Մարապի հրաբուխը ժայթքել է կիրակի՝ դեկտեմբերի 3-ի կեսօրին: Փրկարար ծառայության տվյալով՝ հրաբխի տարածքում եղել է 75 մարդ, 52-ը տարհանվել են։ Նրանցից շատերը բժշկական օգնության են դիմել այրվածքների պատճառով:
Հրաբխի բարձրությունը 2891 մետր է, արտանետված մոխիրը ծածկել է մի քանի գյուղ։
Մարապին Սումատրա կղզու ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, որի ամենակործանարար ժայթքումը տեղի է ունեցել 1979 թվականի ապրիլին, ինչի հետևանքով մահացել է 60 մարդ: Ինդոնեզիայում կա 127 գործող հրաբուխ։