Հայաստանի դիմումի հիման վրա՝ դեկտեմբերի կեսին հայկական և ռուսական կողմերի միջև կանցկացվեն խորհրդակցություններ՝ զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ: Ռուսական կողմն ընդունել է հրավերը: Այդ մասին «Լուրերին» հայտնել է ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:
Հայաստանի և Ռուսաստանի միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի համաձայնագիրը, որը կնքվել է 2020-ի դեկտեմբերին՝ 7 տարի ժամկետով, ենթադրում է Հայաստանի մուլտիպլեքսում ռուսական մեկ հեռուստաալիքի՝ «РТР պլանետա»-ի հանրապետական և երկուսի՝ «Առաջին ալիք» և «Ռոսիա-Կ» ալիքների՝ մայրաքաղաքային անվճար հեռարձակում: Համաձայնագրի պայմաններից է, որ այդ հեռուստաալիքներում չհնչեն հայ ժողովրդի և պետության հանդեպ վիրավորական արտահայտություններ, բացառվի միջամտությունը պետության ներքաղաքական կյանքին:
Մինչդեռ, վերջին շրջանում, ռուսական հեռուստաալիքները պարբերաբար խախտում են համաձայնագրի այդ դրույթը՝ Հայաստանի ժողովրդի և բարձրագույն ղեկավարության նկատմամբ արժանապատվությունը նսեմացնող և ծաղրական բովանդակությամբ հաղորդումներ հեռարձակելով: Իր կողմից Հայաստանը պատրաստ է հետևողական քայլեր իրականացնել համաձայնագրով ստանձնած պարտավորությունների պահպանման և խախտումների բացառման համար, շեշտել է փոխնախարարը: