Գազայի հատվածում ակտիվ մարտերը շարունակվում են, ՑԱՀԱԼ-ն ընդլայնում է ցամաքային գործողությունը: Հատկանշական է, որ իսրայելական կողմը գործողություններ է իրականացնում նաև հարավում, ուր ավելի վաղ մեկ միլիոնից ավելի մարդ էր տեղափոխվել՝ համեմատաբար անվտանգ պայմաններում լինելու համար: Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի բնակիչներին Իսրայելի բանակը կոչ է արել տարհանվել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի շրջակա տարածքներ, որը, սակայն, ևս հրթիռակոծվում է:
ԶԼՄ-ները գրում են, որ Իսրայելի բանակը հարվածել է Գազայի Գերագույն դատարանի և արդարադատության նախարարության շենքերին, ՑԱՀԱԼ-ը թիրախավորում է նաև հիվանդանոցներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչի հետևանքով կան զոհեր: Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 15.500 մարդ, վիրավորվել 41.300-ը: Զոհվել են նաև Գազայի հատվածում պահվող գերիներ: Իսրայելական կողմը հայտնում է 1200 զոհի մասին, իսրայելցի զինվորականների շրջանում զոհերի թիվը հասել է 398-ի։
Ժամանակավոր հրադադարը խախտելու համար ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Իսրայելին՝ նշելով՝ պատրաստ են կրկին վերադառնալ զինադադարի ռեժիմին, եթե Իսրայելը վերջ տա խաղաղ բնակիչների դեմ ագրեսիային: Իսրայելն էլ մեղադրում է ՀԱՄԱՍ-ին, հայտարարում՝ կանեն հնարավորը՝ վերադարձնելու գերիներին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ Գազայի հատվածում է 137 գերի է մնում:
Լարված է իրավիճակը նաև Իսրայել-Լիբանան սահմանին, թիրախում է հայտնվել Թել Ավիվը, փոխադարձ հարվածների մասին են հայտնում նաև իսրայելական և սիրիական կողմերը: ՑԱՀԱԼ-ը զորաշարժեր է իրականացնում Հորդանան գետի Արևմտյան ափին, որտեղ ևս կան զոհեր:
Մանրամասները՝ ռեպորտաժում: