Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը վետո է կիրառել Բուլղարիայի ՆԳՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի նկատմամբ, որով նախատեսվում է Կիևին անհատույց մատակարարել շահագործումից հանված զրահատեխնիկան: Այդ մասին ասված է պետության ղեկավարի կայքում։
Նախագահ Ռադևն առաջարկը վերադարձրել է խորհրդարան՝ հետագա քննարկման համար: Նրա համոզմամբ՝ պատգամավորները բավականաչափ ծանոթ չեն նվիրատվության կոնկրետ պարամետրերին, ինչը նրանց թույլ չի տվել օբյեկտիվորեն գնահատել, թե արդյոք տրամադրված տեխնիկան ավելորդ է:
Բուլղարիայի ղեկավարի խոսքով՝ այդ տեխնիկան կարող է օգտագործվել երկրի սահմանները պահպանելու, բնակչությանը բնական աղետներից ու դժբախտ պատահարներից պաշտպանելու դեպքում, այդ թվում՝ դժվարամատչելի վայրերում օգնություն ցուցաբերելու համար։
Ավելի վաղ Բուլղարիայի Ազգային ժողովում Ուկրաինային տեխնիկայի անհատույց փոխանցմանը կողմ էր քվեարկել 152 պատգամավոր, դեմ՝ 52-ը։ Պայմանագրի շրջանակում Կիևը կարող է ստանալ Բուլղարիայի ՆԳՆ պահեստներում գտնվող մոտ 100 զրահամեքենա ՝ սպառազինությամբ և պահեստամասերով: