ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կառուցելով ճկուն ապագա. երիտասարդության դերը Հայաստանի և Եվրոպայի արդի մարտահրավերներին դիմակայելու գործում» պանելային քննարկմանը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
«Հասկանալով Եվրոպան» միջազգային կրթական ծրագրի հիմնական նպատակն է կարճ դասընթացների միջոցով ներկայացնել Եվրոպայի պատմության, Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգերի և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին նախնական տեղեկատվություն: Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցների սովորողների համար։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կատարելագործում են նաև անգլերենի իմացությունը, միաժամանակ սովորելով՝ ինչպես լինել ակտիվ քաղաքացի և լսելի դարձնել իրենց ձայնը։
Քննարկումը կազմակերպվել է «Հասկանալով Եվրոպան» ծրագրի համակարգողների ամենամյա հանդիպման շրջանակում, որին մասնակցել են շուրջ 40 երիտասարդներ՝ Հայաստանից և եվրոպական 10 երկրներից։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն կարևորել է երիտասարդության դերակատարումը պետական քաղաքականության և ռազմավարական նախագծերում: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է երիտասարդների ակտիվությունը տարբեր ասպարեզներում՝ այդ ուղղությամբ նախաձեռնելով խրախուսական մի շարք ծրագրեր:
Խոսելով պետական երիտասարդության քաղաքականության մասին՝ նախարարի տեղակալն անդրադարձել է «Երիտասարդության մասին» օրենքի մշակման աշխատանքներին:
«Օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խումբն արդեն ձևավորվել է։ Այն կազմված է պետական հատվածի, քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով այդ գործընթացում ԵՄ համագործակցության կարևորությունն ու հաջողված փորձի տեղայնացումը։
Նրա խոսքով՝ ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության իրավական հիմքերի կատարելագործմանն ուղղված քայլերի շրջանակում ուսումնասիրել է այլ երկրների փորձը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին ընդգծել է՝ տարբեր ծրագրերի իրականացմամբ համագործակցելով ՀՀ կառավարության հետ՝ Եվրոպական միությունն իր ներդրումն է բերում Հայաստանում ընթացող ոլորտային բարեփոխումներին։
Պանելային քննարկման ընթացքում ծրագրի մասնակիցները հարցերն ուղղել են բանախոսներին, որոնք վերաբերել են կրթության և երիտասարդության ոլորտների խնդիրներին:
Նշենք, որ «Հասկանալով Եվրոպան» ծրագիրն իրականացնում է «Եվրոպական երիտասարդական պառլամենտ» (ԵԵՊ) երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որը միավորում է երիտասարդների ամբողջ Եվրոպայից՝ քննարկելու արդիական հիմնահարցեր։