Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ԱԳՆ գործունեության շարունակականության ապահովման, արդյունավետության բարձրացման, Սահմանադրությամբ ամրագրված օրենքները լիազորող նորմերով ապահովվելու, ինչպես նաև հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրությանը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 4-ի նիստում ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Փոխնախարարի խոսքով նախագծով առաջարկվում է դիվանագիտական ծառայության պաշտոն համարվող ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնել քաղաքացիական ծառայության պաշտոն: Նա նշել է, որ 2018 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրական ակտեր: Անհրաժեշտություն է առաջացել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնին կից գործող կցորդների/ներկայացուցիչների՝ ՀՀ վարչապետի կողմից նշանակման, ազատման, հաստիքների ստեղծման լիազորությունը սահմանել օրենքով:
Մնացական Սաֆարյանը նշել է, որ ՀՀ կառավարության որոշման հիման վրա օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնին կից կարող են գործել պաշտպանության հարցերով, ռազմական և առևտրական կցորդներ, մասնագիտացված միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչներ: Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ պաշտպանության նախարարության առաջարկով օրենքը լրացվել է նոր հոդվածով, ըստ որի՝ պաշտպանության հարցերով ռազմական կցորդները կարող են ունենալ տեղակալներ և օգնականներ:
Հաջորդ փոփոխությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգ կարող են գործուղվել ՀՀ վարչապետի աշխատակազմից և պետական կառավարման համակարգից, բացառիկ դեպքերում` պետական անվտանգության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով այլ մարմիններից համապատասխան ծառայողներ:
Առաջարկվում է նաև լրացում կատարել օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում, համաձայն որի՝ բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների և անբասիր աշխատանքի համար մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին կարող է շնորհվել արտահերթ՝ մեկ կամ երկու աստիճանով ավելի բարձր դիվանագիտական աստիճան:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ օրենքի նախագծում կատարվել են նաև տեխնիկական բնույթի փոփոխություններ, և որոշ կարգավորումներ համապատասխանեցվել են «Հանրային ծառայության մասին» օրենսդրությամբ սահմանված դրույթներին:
Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է օրենքի նախագիծը խորհրդարանում քննարկել 24-ժամյա ռեժիմով:
Հարակից զեկուցող, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հավելել է, որ նախագիծը ներդաշնակեցման, որոշակիացման լիազորող նորմեր սահմանելու նպատակ ունի և առաջարկել է օրենքի նախագծին դրական եզրակացություն տալ:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել օրենքի նախագծին: