Թանկարժեք մետաղների և քարերի պահուստի երկու տեսակ կա` պետական և ազգային: Գործադիրի առաջարկով ՀՀ ֆինանսների նախարարությունը դադարելու է պետական պահուստի կառավարմամբ զբաղվել, և այդ գործառույթը փոխանցվելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Վերջինս հետագայում պետք է մշակի համապատասխան գույքը գնահատելու, հաշվառելու և օտարելու կարգերը: Ազգային պահուստի կառավարումն էլ առաջարկվում է վերապահել ԿԳՄՍ նախարարությանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գնահատմամբ նման կարգավորմամբ առավել միասնական ու արդյունավետ կառավարում կիրականացվի: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ենթաօրենսդրական ակտերում ևս կլինեն փոփոխություններ:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ ոլորտում միջազգային փորձին վերաբերող հարցին ի պատասխան՝ փոխնախարարը նշել է, որ միջազգային փորձը միանշանակ պատասխան չի տալիս հարցին, սակայն կարևոր է տարանջատել ֆինանսական ակտիվի կառավարումը նյութական ակտիվի կառավարումից: Նա տեղեկացրել է, որ պետական պահուստի մասով 1.5 միլիարդ դրամի մետաղների ու քարերի մասին է խոսքը, որոնք փոխանցվելու են Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ համապատասխան ընթացակարգերով ապահովելու է վաճառքը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: