Հաշվետու ժամանակահատվածում Արցախից բռնի տեղահանվածների շրջանում երեխաների ծնունդների թիվը 54 է, որից 29-ը՝ տղա, 25-ը՝ աղջիկ: Եվս 2730 ԼՂ-ից տեղահանված քաղաքացի գրանցվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բժշկական հաստատություններում: Եվս 514 անձով ավելացել է անվճար դեղորայք ստացողների թիվը, 513 անձ ուղեգրվել է բժշկական հաստատություն՝ ստացիոնար բուժման: Աշխատանքի է ընդունվել ԼՂ-ից բռնի տեղահանված 9 անձ՝ 2 բժիշկ, 6 բուժքույր, 1 այլ աշխատակից: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Անդրադառնալով ԼՂ-ից բռի տեղահանվածների խնդիրներին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծիք հայտնեց, որ արդեն ժամանակն է, որ Երևանի քաղաքապետարանը մի փոքր ակտիվ լինի Արցախից բռնի տեղահանված անձանց ինտեգրման հարցում:
«Այսինքն՝ մենք ինքներս փորձենք որոշակի ծրագրեր ներկայացնել, որովհետև, այնուամենայնիվ, միայն սոցիալական օգնության ծրագրերը բավարար չեն, այսինքն՝ ինտեգրացիայի տեսանկյունից նաև պետք է հասկանալ՝ մարդկանց զբաղվածության հարցն ինչպես պետք է լուծվի, իհարկե, Կառավարության հետ, Կառավարության քաղաքականությանը համահունչ, բայց այստեղ մի փոքր մեր ակտիվությունը պահանջվում է, և կխնդրեմ քննարկեք գործընկերների հետ և ներկայացնեք պոտենցիալ ծրագրերը»,- ասաց Ավինյանը: