2023 թվականի դրությամբ Երևանում 4-րդ աստիճանի վթարային 14 շենք կա, 3-րդ կարգի վթարային շենքերը 107-ն են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:
Նա նաև հիշեցրեց, որ 3-րդ կարգի վթարային շենքերի ամրակայությունն ապահովելու համար միջոցառումներ են անհրաժեշտ, և եթե լինի Երևանի քաղաքապետի հանձնարարականը, ապա դրանք ամրակայելու համար կտրվի հանձնարարական:
Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Հարց է՝ ուզո՞ւմ ենք ամրակայել այդ շենքերը, թե՞ ուզում ենք նոր թաղամասեր ստեղծել, որոնք այլ տրամաբանությամբ պետք է կառուցվեն»:
Երևանի քաղաքապետը նաև հիշեցրեց, որ վերջերս տարբեր վթարային շենքերի բնակիչներին 40-ից ավելի բնակարաններ են հանձնվել, հիմնականում՝ Արցախի նրբանցքի շենքերում ապրողների մասին է խոսքը:
«Մի մասին բնակարանի գնման վկայականներ ենք հանձնել, մի մասին բնակարաններ ենք հանձնել: Հենց բոլորը տեղափոխվեն, ժամկետները կան հստակ, խնդրում եմ անպայմանորեն կազմակերպել այդ շենքերի քանդումը վերջնական, 4-րդ կարգի վթարային շենքերի քանդումը, որ նորից այդ ցիկլի մեջ չմտնենք, որ ևս 3 հոգի եկել ու ապրում է այս շենքում, եկեք այդ մարդկանց խնդիրն էլ լուծենք:
Հետևապես սա ֆիքսենք, այս մարդկանց բոլորին տեղափոխենք, տեղափոխելու հաջորդ օրը միանգամից քանդենք բոլոր շենքերը, թող գնան պատմության գիրկը»,- հանձնարարեց Ավինյանը: