44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով 2022-ի փետրվարին ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր ավարտեց աշխատանքը:
Հնարավո՞ր էր արդյոք կանխել պատերազմը, տարբերակ կա՞ր այն ավարտել պակաս կորուստներով, ովքե՞ր են մեղավոր պարտության համար: Այս ու նմանատիպ այլ հարցերի պատասխանը փնտրող հանձնաժողովի աշխատանքներին խորհրդարանական ընդդիմությունն ի սկզբանե հրաժարվեց մասնակցելուց:
«Իշխանական պատգամավորների մեծամասնությունից կազմված հանձնաժողովը չի կարող քննել իր իսկ թիմակիցների արարքները, որոնք իշխանության էին 44-օրյայի ժամանակ»,- պնդում են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:
Կառավարող ուժը հակադարձում է՝ իրենց իսկ մասնակցությամբ, բարձրացրած հարցերով ընդդիմությունը կարող էր պատռել իշխանության դիմակը, եթե համոզված լիներ, որ այդպիսի հիմքեր կան:
Իշխանությունն ու ընդդիմությունը վիճում են նաև հանձնաժողովի գործողության երկարաձգման շուրջ. մի կողմի կարծիքով՝ ամեն ինչ արվել է օրենքի տառին համապատասխան, մյուսի համոզմամբ՝ աղաղակող անօրինականությամբ:
Ինչևէ, հանձնաժողովը փաստահավաք առաքելությունն արդեն ավարտեց, ու հիմա զեկույցի պատրաստման փուլն է. չեն բացառում, որ ձեռք բերված տեղեկությունները քրեական վարույթներ նախաձեռնելու հիմք դառնան:
Իրինա Մկրտչյանն է շարունակում: