ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28) մասնակցության շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրեն Պաբլո Վիեյրայի և Երկրների ներգրավվածության հարցերով տնօրեն Մարիանա Պանունսիո-Ֆելդմանի հետ։
Հիշեցնենք, որ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (ԱՍԳ) արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստան Հանրապետությունը միացել է ԱՍԳ գործընկերությանը 2018 թվականի օգոստոսին:
Շրջակա միջավայրի նախարարությունը և էկոնոմիկայի նախարարությունը նշանակվել են որպես համակարգող մարմիններ, իսկ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ աջակցող գործընկեր։
ԱՍԳ գործընկերությունը միավորում է ավելի քան 200 անդամի, այդ թվում ավելի քան 115 զարգացած և զարգացող երկրի, և ավելի քան 80 հաստատությունի՝ մշակելու և իրականացնելու կլիմայական հավակնոտ քաղաքականություններ և ծրագրեր՝ հասնելու Փարիզի համաձայնագրի նպատակներին և Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ):
Հանդիպման ընթացքում նախարարը գործընկերներին է ներկայացրել ոլորտում մեկնարկած օրենսդրական բարեփոխումները և մասնավորապես անդրադարձել շրջակա միջավայրի ոլորտում վերահսկողությունը պատշաճ իրականացնելու նպատակով ստեղծվող Շրջակա միջավայրի պահպանության ծառայությանը։
Հիմնվելով երկրների առաջնահերթությունների և կարիքների վրա՝ ԱՍԳ գործընկերությունն առաջարկում է փորձագիտական, տեխնիկական և ֆինանսական աջակցության համապատասխան փաթեթներ: Այս համագործակցային ձևաչափը զարգացող երկրներին ապահովում է մուտք դեպի ռեսուրսների լայն շրջանակ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության համար, ինչպես նաև նպաստելու ավելի «արդարացի» և կայուն զարգացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները և քննարկումները՝ ի նպաստ ոլորտում բարեփոխումների կայացման։