ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը մասնակցում է Պորտուգալիայի մայրաքաղաքում անցկացվող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի տարեկան ժողովին։ Այս մասին Բադասյանը նշել է ֆեյսբուքյան իր էջում:
«ԱՄՆ, Իսպանիայի և Կայմանյան կղզիների գործընկերներիս հետ մասնակցել եմ կրիպտոակտիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման մասին պանելային քննարկմանը և հանդես եկել որպես զեկուցող՝ վերահաստատելով «Կրիպտոակտիվների հաշվետվողականության շրջանակ» (CARF) նախաձեռնությանը միանալու Հայաստանի հարկային մարմնի տեսլականը։
Ելույթի ժամանակ կարևորել եմ CARF ստանդարտի առավելությունները և ակնկալվող արդյունքները՝ կոչ անելով Գլոբալ ֆորումի մյուս անդամներին ակտիվորեն միանալ ստանդարտի ներդրման հանձնառությանը։ Վերջինիս շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա տեղեկություններ փոխանցել և ստանալ այլ երկրներից նաև կրիպտոակտիվների վերաբերյալ։
ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի տարեկան ժողովի շրջանակում քննարկվել են հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման, ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման, ինչպես նաև կրիպտոակտիվների մասին տեղեկությունների փոխանակման վերաբերյալ թեմաներ։
Քննարկված թեմաների շրջանակում Հայաստանն առաջիններից է, ով արտահայտել է իր պատրաստակամությունը աշխատանքների մասնակցության վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ միացել է ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման համակարգին, որի շրջանակներում առաջին փոխանակումը տեղի կունենա 2025 թվականին: Սա նշանակում է, որ այդ ժամանակահատվածից սկսած հարկային մարմինը կստանա տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների՝ արտասահմանյան ֆինանսական կազմակերպություններում ունեցած հաշիվների վերաբերյալ»,- գրել է նա։