Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը տեղափոխվել է նոր փուլ, և խոստովանել է, որ ամառային հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը չկարողացան հասնել պլանավորված նպատակներին՝ Կիևին զենքի և ցամաքային զորքերի մշտական պակասի պատճառով: Սակայն, ըստ Զելենսկու, դա չի նշանակում, որ Ուկրաինան պետք է հանձնվի։
«Մենք պատերազմի նոր փուլում ենք, և դա փաստ է»,- ասել է նա՝ Խարկով կատարած այցի ժամանակ ու հավելել. «Ձմեռն ինքնին պատերազմի նոր փուլ է, և այն կբարդացնի մարտական գործողությունները»:
Ինչպես գրում է գործակալությունը, ձմռան սկսվելուն պես ուկրաինական հրամանատարությունը բախվում է նոր, բայց արդեն ծանոթ խնդիրների՝ ցածր ջերմաստիճան, մերկ դաշտեր, որտեղ զինվորականները թաքնվելու տեղ չունեն։
Կրկին առաջացել է ռուսական լայնածավալ հարձակումների վտանգն Ուկրաինայի քաղաքների էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Զելենսկու խոսքով՝ ձմռանը մարտեր են ընթանում ոչ միայն առաջին գծում, այլև քաղաքների ներսում։ Միաժամանակ սպառվում են զինամթերքի պաշարները, ինչը կարող է կաթվածահար անել ուկրաինացի զինվորականների ռազմական գործողությունները։
Երկար սպասված հակահարձակումը, որը սկսվեց տասնյակ միլիարդավոր դոլարների արևմտյան ռազմական օգնության տրամադրումից հետո, չհանգեցրեց սպասվող բեկումներին, հիշեցնում է AP-ն։ Այժմ որոշ ուկրաինացի պաշտոնյաներ մտահոգված են, որ հետագա օգնությունը կարող է նույնքան առատաձեռն չլինել:
Ուկրաինայի նախագահը, սակայն, չի կորցնում լավատեսությունը: Նա ընդունում է, որ չեն հասել ցանկալի արդյունքներին, բայց Ուկրաինան չի պատրաստվում նահանջել:
Զելենսկին որոշել է պաշտպանական կառույցներ տեղադրել Դոնբասից մինչև երկրի արևմտյան շրջաններ, ուժեղացնել դիրքերն Ավդեևկայի, Մարյինկայի, Կուպյանսկի, Լիմանի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում: Բացի այդ, նա նախատեսել է կառույցներ տեղակայել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի ողջ երկայնքով։