ՀԱՄԱՍ-ը ստանձնել է Երուսաղեմում մարդաշատ ավտոբուսի կանգառի վրա հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 16-ը, նրանցից երեքի վիճակը ծանր է։
Պաղեստինյան խմբավորումը հայտնել է, որ զինված անձինք եղել են իր ռազմականացված թևի՝ «Ալ-Քասամ բրիգադների» անդամներ: Զինյալները նաև կոչ են արել «ուժեղացնել դիմադրությունը» Իսրայելին՝ չհստակեցնելով, դա վերաբերում է գրավյալ Արևմտյան ափի՞ն, թե՞ Գազայի հատվածին, որտեղ մարտերը, ըստ վերջին տեղեկությունների, դադարեցվել են։
Ոստիկանությունը հաստատել է, որ հարձակվողներից երկուսին սպանել են Իսրայելի՝ զենք կրող քաղաքացիները:
ԵՄ-ն խստորեն դատապարտել է Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ նաև ափսոսանք են հայտնել երկու պաղեստինցի երեխաների մահվան համար, որոնք սպանվել են նոյեմբերի 29-ին՝ Արևմտյան ափի Ջենինում իսրայելական ռազմական հարձակման ժամանակ: