Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ընթացքում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը Շանհայում այցելել են տարեցներին խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրող հաստատություն։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հայ պաշտոնյաները շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել տրամադրվող ծառայությունների շրջանակին, տարեցների խնամքի կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև շահառուների ժամանցի և զբաղվածության ապահովման գործընթացին։ Ներկայացվել են նորարարական տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող մանրամասներ, որոնք հնարավորություն են տալիս տարեցներին մատուցվող ծառայությունները դարձնել առավել արդյունավետ ու հասցեական։
Այցի ընթացքում դիտարկվել է նաև լավագույն փորձի փոխանակման, այդ թվում՝ որոշ նորարարական լուծումներ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում տեղայնացնելու հնարավորությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական կապ հաստատել և համագործակցել տարեցների հիմնահարցերի ոլորտում։