Արաբական Միացյալ Էմիրություններում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 15-ը անցկացվում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 28-րդ համաժողովը (COP-28), որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ։
Պատվիրակության կազմում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Այցի շրջանակներում Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը, հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ համաձայն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ԱՄԷ կիբեռանվտանգության խորհրդի միջև ձեռք բերված պայմանավորվածության` մեկուկես տարի տևած բանակցությունների արդյունքում, COP 28-ի շրջանակներում դեկտեմբերի 1-ին կողմերի միջև ստորագրվել է «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը հայկական կողմից վավերացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ԱՄԷ կողմից՝ ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթինը:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսն անցկացվում է ամեն տարի՝ հանդիսանալով կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման միակ բազմակողմ ֆորումն աշխարհում։ Այն համախմբում է գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու կլիմայական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերը։