2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար սահմանվել է դրամական ապահովում։ Հունվարի 1-ից հետո երրորդ երկրներում գրանցված տրանսպորտային միջոցների մասով, ներկայում գործող ապահովագրական ընկերությունների միջոցով ապահովում ներկայացնելու փոխարեն, կպահանջվի մաքսատուրքերի և հարկերի վճարման ապահովում` դրամական միջոցների ներդրման եղանակով։
Ի՞նչ է դրամական ապահովումը
Դրամական ապահովումը ենթադրում է ֆիզիկական անձի կողմից ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցի գծով միասնական դրույքաչափով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի փոխանցում (ներմուծման պահին) ՀՀ պետական բյուջեի 900008000755 գանձապետական հաշվին։ Ժամանակավոր ներմուծման համար սահմանված ժամկետում ավտոմեքենան վերաարտահանվելու դեպքում գումարը կվերադարձվի՝ քաղաքացու դիմումի հիման վրա:
Ովքե՞ր պետք է ներկայացնեն դրամական ապահովում
ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ դրամական միջոցներով ապահովման պահանջը կտարածվի ՀՀ կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիների վրա, որոնք ՀՀ կժամանեն երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցներով:
Դրամական միջոցներով ապահովում ներկայացնելու պահանջը չի վերաբերում`
-
ՀՀ կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիներին, որոնք ՀՀ-ում կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրում գրանցված տրանսպորտային միջոցով կժամանեն Հայաստան.
-
Երրորդ երկրների այն քաղաքացիներին, որոնք երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցով կժամանեն ՀՀ։ Նշված քաղաքացիների նկատմամբ դրամական միջոցներով ապահովման պահանջը պարտադիր կլինի, եթե երրորդ երկրի քաղաքացին, ՀՀ-ում արդեն իսկ ունենալով ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոց, ժամանակավոր կներմուծի երկրորդը և ավելին: