Կառավարության որոշմամբ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում քաղաքացիները կարող են օգտվել պետական աջակցության ծրագրից։
Ովքե՞ր կարող են օգտվել աջակցությունից
ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ միասնական դրույքաչափով վճարվող մաքսատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցում տալ ՀՀ կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրների այն քաղաքացիները (շահառուներ), որոնք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով երրորդ երկրներից ներմուծել են թեթև մարդատար տրանսպորտային միջոց և դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում դրանք կմաքսազերծեն Հայաստանում:
Որքա՞ն է փոխհատուցման չափը
Մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցվում է վճարման ենթակա գումարի 40%-ը, այսինքն՝ շահառուն վճարում է 60%-ը, իսկ պետությունը փոխհատուցում է մնացած 40%-ը։ Հինգ տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով փոխհատուցվում է վճարման ենթակա գումարի 70%-ը, այսինքն՝ շահառուն վճարում է 30%-ը, իսկ պետությունը փոխհատուցում է գումարի մնացած 70%-ը։
Ինչպե՞ս իրականացնել մաքսազերծումը
Մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար 2023 թվականի դեկտեմբերի 5-ից սկսած շահառուները կարող են այցելել Գյումրի քաղաքում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչություն (հասցե` ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց, 2/14):
Անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներակայա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը: