Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ «Պուլկովոն» կառավարող «Հյուսիսային մայրաքաղաքի օդային դարպասների» կանոնադրական կապիտալում կիպրական ընկերության բաժնետոմսերի 100%-ն անցնում է Холдинг ВВСС-ի կառավարմանը:
Հրամանագրում ասվում է, որ դա անհրաժեշտ է՝ «կապված Ռուսաստանի ազգային շահերի և տնտեսական անվտանգության սպառնալիքի հետ, որն առաջացել է որոշ օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից պարտավորությունների խախտման հետևանքով»:
Այսպիսով, օտարերկրացիները զրկվում են Սանկտ Պետերբուրգի օդանավակայանը կառավարելու իրավունքից, նշում է Forbes-ը։
Պարբերականը հիշեցնում է, որ դա առաջին դեպքը չէ, երբ օտարերկրյա ներդրողները կորցնում են վերահսկողությունը ռուսական ակտիվների նկատմամբ։ Նախկինում ՌԴ նախագահը Գույքի կառավարման դաշնային գործակալության տնօրինությանն է հանձնել Carlsberg և Danone միջազգային հսկաների բիզնեսը, որոնք ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո հայտարարեցին իրենց ակտիվները վաճառելու մտադրության մասին։ Heineken գարեջրագործական ընկերությանը հաջողվել է դա անել ընդամենը 1 եվրոյով (գումարած պարտքերի վճարումը): Carlsberg-ը հրապարակավ Ռուսաստանի գործողությունները գողություն է անվանել և դատի է տվել ապրանքանիշների համար։