Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 08:38-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, ավտոմեքենաներից մեկից ծուխ է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ռոսիայի և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում բախվել են Hyundai և Nissan մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է լուսացույցին և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել Nissan մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, քաղաքացիների հետ համատեղ Nissan մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել երեք տուժածի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: