Փարիզն ու Կիևը մոտ են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ համաձայնագրի համաձայնեցմանը և կնքմանը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը:
Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքների մասին երկկողմ համաձայնագիրը կարող է կնքվել 2024 թ. սկզբին: Այն սահմանելու է Ֆրանսիայից Ուկրաինա մարդասիրական, ռազմական և ֆինանսական օգնության մատակարարումը։
Օրեր առաջ՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում, Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտնել էր, որ Փարիզն ակնկալում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններն ավարտել 2024 թվականի սկզբին: Նա նշել էր, որ արդեն մի քանի շաբաթ ընթացող բանակցությունները տեղի են ունենում Յոթի խմբի երկրների նախաձեռնության շրջանակներում: