Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծվել է Պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
Խորհուրդը նպատակ ունի ազգային փոքրամասնությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի արդյունքում նպաստել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և խթանմանը։
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, տեղի է ունեցել խորհրդի անդրանիկ նիստը։ Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական հարցերով պատասխանատու Մարիա Պապամիխայիլը։
Անահիտ Մանասյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել նիստին մասնակցության համար՝ ընդգծելով ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը և խթանմանը վերաբերելի խնդիրները համատեղ ջանքերով լուծելու կարևորությունը։
«Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առաջնահերթություններից է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված պետությունն, ի թիվս այլնի, ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու և նպաստելու նրանց մշակույթի, կրոնի, լեզվի, ավանդույթների պահպանմանը, և այս առումով չափազանց կարևոր է նաև ազգային փոքրամասնությունների համայնքների ակտիվ ներգրավվածությունը։ Հենց այս հարթակը կարող է պետության և ազգային փոքրամասնությունների համայնքների միջև կամուրջ դառնալ»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Միջոցառմանը մասնակցել են ինչպես միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, Ազգային ժողովի` ազգային փոքրամասնության ներկայացուցիչ հանդիսացող պատգամավորներ, այնպես էլ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ։
Նիստի շրջանակներում անդրադարձ է կատարվել հասարակական խորհրդի ստեղծման նպատակներին, ոլորտում առկա խնդիրներին, ազգային փոքրամասնությունների ինքնության հիմնական տարրերի՝ կրոնի, լեզվի, մշակութային ժառանգության, ավանդույթների պահպանմանը նպաստող միջավայրի կատարելագործման անհրաժեշտությանը, ինչպես նաև համապատասխան ոլորտային օրենսդրության ընդունմանն ուղղված աշխատանքներին։ Քննարկվել են նաև խորհրդի գործունեության առաջիկա ծրագրերը։
Խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ եզդիական, ռուսական, ասորական, քրդական, ուկրաինական, հունական, վրացական, բելառուսական, հրեական, լեհական, գերմանական համայնքներից։
Խորհրդի կազմում ներառվել է նաև ուդի ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություն։
Պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի նիստն անցկացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համաֆինանսավորմամբ՝ համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի՝ «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում: