ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս 14 պատանդի՝ Թաիլանդի 4 քաղաքացու և 10 իսրայելցու: Նշվում է, որ ազատ արձակված գերիների թվում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 2 անձ է եղել:
Իսրայելական բանտերից էլ ազատվել է 30 պաղեստինցի: ՀԱՄԱՍ-ը նաև հայտարարել է՝ պատրաստ են իսրայելցի զինվորականներին փոխանակել բանտարկված մյուս պաղեստինցիների հետ: Շարժման տվյալով՝ Իսրայելի բանտերում շուրջ 6000 պաղեստինցի է պահվում: Ըստ տարբեր աղբյուրների՝ ՀԱՄԱՍ-ն էլ գերեվարել է շուրջ 250 մարդու:
Այժմ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են շարունակել զինադադարի ռեժիմը՝ ազատելու մնացած գերիներին և պահվող անձանց, ինչպես նաև ապահովելու մարդասիրական մատակարարումների շարունակականությունը: Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է՝ հրադադարից հետո ՑԱՀԱԼ-ը մտադիր է վերսկսել ռազմական գործողությունները և վերացնել ՀԱՄԱՍ-ը:
Չնայած հրադադարը հիմնականում պահպանվում է՝ կողմերը պարբերաբար հայտնում են ռեժիմի աննշան խախտումների մասին:
ՑԱՀԱԼ-ը նաև հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգը Լիբանանից արձակված հրթիռ է որսացել: Հորդանան գետի արևմտյան ափին էլ Իսրայելցի զինվորականները, ըստ ՑԱՀԱԼ-ի, ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց են ոչնչացրել: