ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին:
«Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում՝ վերջին մեկ տարվա ընթացքում այս կազմակերպությունն առաջնորդելու համար: Իսկապես դա հեշտ գործ չէր, քանի որ ԵԱՀԿ-ն, որը դեռևս հանդիսանում է աշխարհի ամենամեծ անվտանգային կազմակերպությունը, արագորեն հետընթաց է ապրում, քանի որ ժամանակին պատշաճ կերպով ընդունված և լավ մշակված մանդատներն ու պարտավորությունները լիովին անտեսվում են:
Այս գործընթացը սկսվել է մի քանի տարի առաջ, երբ ԵԱՀԿ ձախողեց իր հիմնական խնդիրների իրականացումը՝ վաղ արձագանքումն ու հակամարտությունների կանխումը։ Ցավոք, այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ չկա ընդհանուր ըմբռնում, որ աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է միանշանակ դատապարտվի և չպետք է հանդուրժվի, այլապես այն անպատժելիության զգացում է առաջացնում՝ սովորական երևույթ դառնալով աշխարհի այլ մասերում։ Ցավոք, ԵԱՀԿ-ի պատասխանատվության տարածքը ևս բացառություն չէ:
Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի հիմնական պատճառներն էին ատելությունն ու այլատյացությունն իր տարբեր դրսևորումներով և իրենց նախնյաց հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրել ցանկացող մարդկանց համար գոյաբանական սպառնալիքը, այս տարի հասավ իր ավարտական փուլին: Ավելի քան ինն ամիս տևած անմարդկային պաշարումից հետո, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց ԼՂ բնիկ բնակչության զանգվածային բռնի տեղահանմանը: Այս պահին կարող ենք արձանագրել որ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու Լեռնային Ղարաբաղի տարածքը՝ առանց հայ բնակչության։
-
Չնայած տեղի ունեցած մարդասիրական աղետին, Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը և կարծում է, որ դա դեռ հնարավոր է։ Այդ հնարավորությունն իրականություն դարձնելու համար մեզ անհրաժեշտ է փոխադարձաբար Ադրբեջանի անկեղծ ներգրավվածությունը և միջազգային դերակատարների ամուր աջակցությունը մեր ջանքերին, որոնք հիմնված են լավ մշակված և հայտնի սկզբունքների վրա։ Այդ սկզբունքները, որոնք լայնորեն քննարկվել և ընդունվել կամ առնվազն չեն մերժվել Ադրբեջանի կողմից, ներառում են․տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ հիմնված 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի վրա և առանց երկիմաստությունների.
-
Հայաստանի և Ադբեջանի միջև պետական սահմանի սահմանազատում ամենավերջին և լեգիտիմ՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1974-78թթ․ քարտեզների հիման վրա.
-
բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
(…)
Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը՝ որպես ԵԱՀԿ պատասխանատու անդամ, բազմիցս ապացուցել է իր նվիրվածությունը տարածաշրջանային և գլոբալ խաղաղությանը և շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ նպատակով։ Եվ ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Հայաստանը շարունակում է պատրաստ լինել բանակցություններին, և մեզ անհրաժեշտ է, որ Ադրբեջանը դադարի մերժել հանդիպելու և խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու՝ միջնորդների առաջարկները։ Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ են բոլոր շահագրգիռ կողմերի և ընդհանուր առմամբ միջազգային հանրության իրական ջանքերը՝ Հարավային Կովկասում բռնության էջը շրջելու և միջազգային օրենքների վրա հիմնված կարգ ամրապնդելու համար»,- ասել է Միրզոյանը։